Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«Ռոստեվանի և Ավթանդիլի մրցությունը մի հատված է Շոթա Ռուսթավելու Ընձենավոր հռչակավոր վիպասանությունից, որ վրացոց գրականության ամենամեծ ստեղծագործությունն է։ Շոթա Ռուսթավելին ապրում էր Վրաստանի Թամար թագուհու օրով (տասներկուերորդ դարի վերջը տասներեքերորդի սկիզբը) և նրա պալատական բանաստեղծն էր։ Վիպասանության մեջ նկարագրված են ինքը թագուհին (իբրև Թինաթինա), նրա ժամանակվա նշանավոր մարդիկ իրենց պալատական և իշխանական նիստ ու կացով» (IV, 176):

Թումանյանը տվել է նաև մի շարք բառերի բացատրությունը (ստորև բերվում են միայն այն բառերը, որոնց իմաստը կապվում է պոեմի պատմական բովանդակության հետ).

Ավան-չավան—պալատի ծիսակատարությունների, հանդեսների և ճաշկերույթների կարգադրիչ։

ծիրանի— պայծառ կարմիր գույնի կտոր, որից պատրաստում են թագավորի վերնոցը։

արմաղան—գեղեցիկ, շատ չքնաղ, սքանչելի:

ծնծղա—երկու պղնձե ափսեներից կազմած գործիք, որ իրար զարնելով հնչեցնում են։

հազարփեշա— գինու կոթավոր մեծ թաս:

բազմական—սեղանին բազմած մարդը կամ հասարակությունը։

չալմա—(արաբ.)—արաբական գլխի փաթթոց։

սպարապետ—ձիավոր զորքի ընդհանուր հրամանատար։


ԼՈՌՈՒ ՁՈՐՈՒՄ
(Էջ 216)

Այս անավարտ բանաստեղծության ինքնագիրը պահվում է ԳԱԹ ԹՖ, լրացուցիչ ցուցակ № 9։ Աոաջին քառատողը ջնջված է շեղ գծով։ Գրված է նույն թերթի վրա, ուր ավարտվում է «Հաշտություն» բանաստեղծության ինքնագիրը (տե՛ս սույն հրատ. 1-ին հատոր, էջ 132, 451, 580)։ Ըստ երևույթին՝ Թումանյանը մտադիր է եղել այդ բանաստեղծությունները մտցնել մի շարքի մեջ. այդ է վկայում այն փաստը, որ «Հաշտություն» բանաստեղծությունը համարակալված է 7, իսկ «Լոռու ձորում»՝ 8 թվերով։ Թե որոնք էին լինելու շարքի առաջին վեց բանաստեղծությունները՝ հայտնի չէ: Քանի որ «Հաշտությունը» գրված է 1892—1893 թթ., կարելի է ենթադրել, որ նույն տարիներին է վերաբերում նաև այս գործը։

Պետք է կարծել, որ այս երկու քառատողերը սկիզբն են մի ավելի ծավալուն բնապատկեր-բանաստեղծության, որը մեզ չի հասել կամ առհասարակ չի գրվել։ Թերանկատման պատճառով դուրս է մնացել նույն հրատարակության առաջին հատորից։

Տպագրվում է առաջին անգամ։