Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Թող գա՜ն, հասնեն օգնության…
Եվ զուր ծերունու աչքերը անզոր
Հըրաշք են փընտրում մըշուշոտ հեռվում,
Լուռ են ու դատարկ ճամփեքը բոլոր,
Փոշի չի ելնում հայոց դաշտերում։
Լալիս է սակայն զանգակը կըրկին
Ու գոչում է ծերն առավել ուժգին․
— Լըսի՜ր, աստվա՜ծ, եթե մի օր
Բույր եմ խընկել քո անվան,
120 Թե դու էլ ես ծե՜ր, ալևո՜ր,
Ու գութ ունիս հայրական…
Բայց ծածկում է դեմքը աստված՝
Հայից դարձած ու խրռով,
Սև-սև գիշերն իջնում է ցած,
Լիքը անքուն ցավերով…

IV

Հայի գիշե՜ր, հայի գիշե՜ր,
Ցավի անդունդ անհատակ…
— Աղջի՛կ, ինչո՞ւ չես քընում դեռ,
Ի՞նչ ես լալիս տեղի տակ։
130 — Չիտեմ, մայրի՛կ, ինչու էսպես
Քուն չի գալիս էլ աչքիս.
Աչքըս քանի փակում եմ ես՝
Քուրդն է կանգնած առաջիս…
— Քընի՛ր, բալա՛ս, մի վախենար,
Աստված կա դեռ երկընքում.
Քուրդ ու տաճիկ, զարկ ու ավար
Շատ ենք տեսել մեր կյանքում…
— Մայրի՛կ, մայրի՛կ, չե՞ս իմանում,
Ո՞վ է լալիս դուրսն անտեր…
140 Մայրի՛կ, մի տես՝ չի լուսանո՞ւմ…
Ա՜խ, ինչ ծանր է էս գիշեր…