Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1911
ՈՒՐԱԽ ԳԻՇԵՐ

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։— Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ

98