Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին

99