Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, քան սար տեղերում։ Մեզանում գելերը ձմեռվան գիշերը, գալիս են գեղի մեջը ման գալիս։ Շներին պահում ենք, որ չտանեն—չուտեն։ Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է մենակ ճանապարհորդելը, մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ։ Այ, ձեզ պատմեմ իմ գլխին եկած մի դեպք։

Ծիրան անունով մի եզն ունեինք։ Մի ձմեռ էս եզը կորավ։ Ախպերս ինձ ղրկեց ման գալու։ Ես էլ էսպես 16—17 տարեկան ջահել տղա եմ։ Գնացի գեղի չորս կողմը ման եկա ման— չգտա։ Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի։ Ասի՝ եզը սովոր է, կարելի է էդ կողմն ըլի գնացած։ Գնացի էդ գոմահանդը։ Գնացի, էս գոմը նայեցի, էն գոմը նայեցի, վերջը տեսնեմ՝ դրուստ որ եզը մի գոմումն է։ Եզը դուրս արի– դուրս գամ տեսնեմ՝ արդեն մութն ընկնելու վրա է։ Սիրտս մի ահ ընկավ։ Տեսնում եմ, որ լուսով չեմ կարող գեղը հասնեմ։ Մտածում եմ՝ գնա՜մ-չգնա՜մ։

Ի՞նչ անեմ․․․

Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա․ ձեռիս էլ՝ մի ճիպոտ ու մի դանակ։

Ի՞նչ պետք է անեմ։ Աստծու անունը տվի, եզն առաջս արի քշեցի։ Մի քիչ տեղ անց էի կացել, հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ ականջովս։ Կանգնեցի, ականջ դրի․․․

Տեսնեմ՝ գիլի ոռնոց է․ ո՜ւո՜ւ․․․

Ո՜ւ․․․ Էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը, ու սարսափով լցվեց դաշտը։ Մտիկ տամ, որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի բազմություն է շարժվում․․․ Էլ ի՞նչ, ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են— սոված բոլուկ է․․․ Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՜նց եմ քշում, վազում եմ, ո՜նց եմ վազում․․․ Ետ նայեմ, որ արդեն գալիս են։ Եզը թող արի փախա, ընկա գոմը։ Ընկա գոմը, բարձրացա սների գլխներին․ գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՜․․․

― Հա՛, իմանում ենք, կոնդերի վրա։

— Հա՛, էդ կոնդերից մեկին վեր էլա։ Դեռ չէի տեղավորվել― մին էլ տեսնեմ, եզանս գոռոցը բարձրացավ։ Զարմանք

110