Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի երկու րոպեումը՝ կտրեցին ու հասան։

— Վա՛հ, գիլի ոտին ինչը կհասնի,– խոսեց քեռի Անդրիասը։ — Էն սարի գլխիցը որ մի բան նկատեց՝ մին էլ կտեսնես կողքիդ դուրս եկավ։ Դրա համար են ասում, էլի, թե գելն ազրեիլ է։

— Հա՛, էն էի ասում,— շարունակեց շորագյալցի Ավոն։ — Եզանս գոռոցը բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ։ Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի ժնգժնգոցն եմ լսում ու լսում եմ՝ ոնց են լափում․․․

— Վա՜յ Ծիրան ջան․․․— դուրս թռավ սրտիցս։ Բայց ի՞նչ Ծիրանի ժամանակն է։ Ես իմ գլուխն եմ լաց ըլում։ Մտածում եմ թե՝ էս լավ էր, եզնովը կըլեն մինչև կլուսանա, կամ կկշտանան ու կգնան, կամ, ասում եմ, ինձ չեն գտնիլ․․․ Դու մի ասիլ՝ սոված գիլի բոլո՜ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հախռել են, ու մին էլ տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց արած․․․

Գտան․․․

Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում։ Ես էլ չորացել եմ մնացել վերևը գերանին կպած։ Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին։

Շունչս ետ եկավ։ Ասի․ «Փառքդ շատ ըլի, աստոծ, էս էր՝ ազատվեցի․․․»։

Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ի՞նչ եմ լսում։ Իմ ուղղությամբ վերևից կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի։ Արդեն լսում եմ՝ չանգերը կոճերին են դիպչում․․․

Սառը քրտինքը վրա տվեց․․․ Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի վրա կուչ եկա։

Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ։

Էլի եկան ներքև։ Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ․ ետ դուրս գնացին։ Հիմի էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։

Դարձյալ տեղս փոխեցի։ Էսպեսով՝ նրանք քանդելով, ես տեղս փոխելով՝ հասանք վերջին կոնդին։

111