Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ո՞ւր գնամ։

Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին։ Քանդում են, ո՜նց են քանդում․․․

Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռքիս բռնած՝ մտքումս աղոթք եմ անում․— Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը․․․

Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են։ Քանդելով հասան կոճերին։ Հասան կոճերին. մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի։ Թաթը բռնեցի ու էն սուր դանակովը ղըռթ կտրեցի․․․ Թաթը փախցրեց, ոռնալով, կոնծկոնծալով ետ գնաց, ու կտերն իրարով անցան։ Իմացել էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Ասի՝ ուրեմն սրան ուտում են։ Հիմի սպասում եմ, որ սրան կուտեն կպրծնեն ետ կգան։ Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ։

Ականջս ձենի է։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձեն եմ լսում․

— Ավո, հե՜յ․․․

Ինձ են կանչում․․․

— Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում․․․ Մի՞թե ախպերս է․․․ Մի՞թե մերոնք են․․․ Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ․

— Աղանիկ, հե՜յ․․․ Էստեղ ե՜մ․․․ Գոմումն ե՜մ․․․ Գելերն ինձ ուտում ե՜ն․․․ Օգնեցեք, հե՜յ․․․

Էլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ։

Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի տղերանց ամեն մեկի ձենը։

— Ավո, հե՜յ․․․

— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ․․․ կենդանի ե՜մ․․․

Ներս թափեցին գոմը։

— Փառք քեզ, աստոծ․․․ Փառք քեզ, աստոծ,— ուրախացած ու զարմացած կանչում են ամենքը։ Ցած եկա վերջին կոնդի վրից։ Ախպորս գիրկն ընկա ու սկսեցի հեկեկալ։

112