Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են։ Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է— չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում էր․ մի տարի թակարդ էի սարել։ Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ հա հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում— ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն

114