չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սառույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։
Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։
Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։
Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը։
Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա։ Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն է, որ կա։ Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում։ Էդ ծմակումը մի թալա (անտառումը բաց տեղ, բացատ) կա։ Էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են Գիլի թալա։
Մի ձմեռնամուտ իրիկուն սարի գոմերիցը տուն եմ գալի։ Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է, ինը-տասը տարեկան երեխա է։ Որ եկանք էդ թալի դիմացը, մի շան ձեն ընկավ ականջովս։ Ասի՝ ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում։ Ձեն տվի․
— Ա՜յ չոբան, հե՜յ․․․
Էս ձեն տալն էր, էլի։
Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ՝ էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան․․․
Դու մի՛ ասիլ, հաչողը գել է եղել։ Ախր չէ որ գելն ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է։
Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի