Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական հեռու էլ իրեն ու ձիուն են կերել։ Թուրն էլ բերինք, տեսանք պատյանը մարդու ատամներով կրծոտած։ Քաշեցինք, քաշեցինք չկարացինք դուրս քաշել, տվինք վապետին, քանդեց, հանեց, տեսնենք՝ արյունոտ, կպած պատյանին։

— Ափսոս մարդ,— էս ու էն կողմից ափսոսացին գյուղացիք։— Ա՛յ թե ընչի համար են ասել, թե համբերությունը կյանք է։ Ասա՝ հեր օրհնածի մարդ, մի քիչ համբերի, լուսանա, էլի․․․


8

— Տղե՛ք, հավատա, գիլիցն էլ վերը վնասակար գազան չլինի, դուք ի՞նչ եք ասում,— խոսեց մի գյուղացի էս պատմությունից հետո։

— Էդպես էլ իմացած կենաք, որ չի լինիլ,— հաստատեց քեռի Անդրիասը և դիմեց ինձ․

— Դու ի՞նչ կարծիքի ես, պարոն։

— Ես էլ էդ կարծիքին եմ,— պատասխանեցի ես։— Արդեն գրքերից էլ հայտնի է, որ ոչ մի գազան գիլի չափ վնաս չի տալիս մարդուն։ Մանավանդ էն երկիրներում, որտեղ գլխավորապես անասնապահությամբ են պարապում։ Ամեն տերության մեջ էլ ահագին վնաս է տալիս։ Միայն Ռուսաստան տարեկան մոտ մեկ միլիոն անասուն է փչացնում։

― Հապա ի՞նչպես է, որ տերությունները դրա մասին չեն մտածում, մի ճար անում,— խոսքս կտրեց մի գյուղացի։

— Ի՞նչպես չեն մտածում։ Տերություններ կան, որ առանձին վարձատրություն են տալիս գել սպանողներին։ Կանոնավոր կռվում են գիլի դեմ։ Դրա համար էլ էնպես, տերություններ կան, որ մեջներն էլ գել չկա․ օրինակ՝ Անգլիան, Գերմանիան․․․

― Վա՜հ,— զարմանքից բացականչեցին գյուղացիք։― Ո՞նց թե․․․ հիմի էդ երկիրներում էլ գել չկա՞։

― Չկա․․․

— Ա՛յ, երկիր․․․ Ապրանքդ ազատ բաց թող ու հանգիստ գնա քու գործին․․․

122