Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կանչում։ Լսում է երգչին և լսում է իր առաջին ծնկներով ու էդ ձենի վրա գալիս է հրավերքին։

Գալիս է, գուրգուրգուրում, գգվում են իրար, սիրում են իրար, սիրով էլ իրար հետ կապում են իրենց կյանքը։ Բայց շատ կարճատև ու դժբախտ է լինում առհասարակ նրանց էդ բարեկամությունը։ Մի տասը տեսակցությունից հետո հաճախ մեռնում է մեր ուժասպառ երգիչը։ Էն էլ է պատահում, որ էս ամենից հետո իր նախկին ընկերուհին է վրեն հարձակվում, ծեծում, ծվատում, ուտում, դեն շպրտելով անբախտ երգչի փալաս դարձած ջութակը։ Էն ջութակը, որ էնքան սրտառուչ եղանակներ էր նվագել իրեն համար։

Եթե կերպարանափոխության շրջանումն է պատահում, որ ծղրիդը կորցնի իր մարմնի որևէ մասը, նորից պոկված անդամը դուրս է գալի, ինչպես բույսի կտրած ճյուղը դուրս գա։

Տան ծղրիդը իր ապահով տեղը, իր տաք անկյունում սովորաբար երկար է ապրում, իսկ հանդինը ենթակա է հազար ու մի փորձանքի։ Քարաթոթոշ կա, մողես կա, մեղու կա, վերջապես էն չարաճճի ծտերը կան, որ անդադար թռչկոտում են չորս կողմը, մին էլ տեսար մինը մոտակա թփի վրից, պը՜ժժ, զարկեց, կտցեց մեր տկար երգչին ու տարավ շամփրեց մամխի թփի փշերին՝ իրեն համար ձմեռվա պաշար։

Բայց եթե դրանից էլ ազատվի, բնությունից ո՞ւր պիտի փախչի։

Հասնում են աշնան ցրտերը։ Հոկտեմբերյան մի ցուրտ օր էլ, վերջին անգամ իր շեմքի առաջ, աշնան սառը վերջալուսի դեմ, երգում է ծղրիդն իր վերջին երգն ու քնում հավիտենական քնով։ Սառը քամին չորացած խոտերով ու թառամած ծաղիկներով ծածկում է նրա անհայտ գերեզմանը, իսկ մի քիչ հետո անհետ թաղում է ձյունի տակ ու վրեն սուլում է ձմռան բուքը՝ վո՜ւ․․․ ո՜ւ․․․ Էսպես է բնության կարգը։ Ծնվեց, ապրեց ու մեռավ, ետևից թողնելով իր սերունդը 300-600 ծղրիդ, ինչպես ասում են գիտնականները։

Մարիկ ծղրիդը էսքան ձու է ածել մի էն տեսակ հարմար ու ապահով տեղ, որ համ վտանգից ու փորձանքից ազատ

131