Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինեն ձվանը, համ էլ, երբ ձագերը դուրս գան, հենց տեղնուտեղը կերակուր լինի նրանց համար։

Զարմանում են գիտնականները, թե ո՞րտեղից է ծղրիդին` էսքան խելք ու բանականություն, որ առաջուց ամեն բան հոգում է իր ձագերի համար։ Չէ որ ինքը՝ ծղրիդը, երբեք ոչ մեր է տեսնում, ոչ ձագ, որ սովորած լինի, փորձով գիտենա։ Երբ որ գարնանը ձվից աշխարհք է դուրս գալիս, մերն արդեն մեռած է լինում անցյալ աշնանը, ինքն էլ երբ ձու է ածում, դրանից հետո մեռնում է նույն աշնանը ու չի տեսնում, թե էն ձվից ինչ է դուրս գալիս եկող գարնանը։ Հապա ինչպես է, որ ամեն բան հասկանում է, նախատեսում ու հոգում։ Եվ դրան մի պատասխան են տալի, թե դա կյանքի, բնության անգիտակից թելադրությունն է, բնազդն է, ինստինկտն է։

Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ՝ գիտակցություն, դատողություն։ Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը՝ բնազդն, արդեն շատ մեծ բան է և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ։

Ահա էսպես հոգում է ծղրիդն իր ապագա սերունդի համար, ապահովում է նրա ծնունդն ու ապրուստը, և նոր գարունքին հայտնվում են նրա ձագերը։ Նորելուկ ձագերը ձվից դուրս գալուց հետո չորս անգամ իրենց կաշին ու կերպարանքը փոխում են ու չորրորդ կերպարանափոխությանը դուրս են գալիս կատարյալ ծղրիդներ։ Անմիջապես իրենց բնակարանի հոգսն են քաշում, իրար հետ կռվում են ծնողական օջախին տիրելու համար, որն էս կռվում մեռնում է անժամանակ, որր տիրում է, մյուսներն էլ գնում են, իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում, և դարձյալ նույն կապույտ, ժպտուն երկնքի տակ, նոր կանանչ, ծաղկոտ դաշտերի մեջ, խնդալով ու թնդալով շարունակվում է նույն կյանքն ու նույն երգը՝ ճը՜՜ռռ․․․ ճը՜՜ռռ․․․

Կարծես թե ոչինչ չի փոխվել։

132