Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։


IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց,

144