Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։


V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․

145