Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։

էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։

Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։

— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։

Մայրիկը տխուր էր ու լուռ։

— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։

— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։

161