Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չավ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երբ մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շաւո ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
162