Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկն էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։ Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Իր մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էնտեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի