Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։ — Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։ — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը

173