Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։

174