Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1894
ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

«…Քաջ լոռեցիք էլ որ իմացան, էլ դինջություն
չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց
մեջը բերեն, պատիվ տան։ Մեկ ամսաչափ էլ
էստեղ մնաց (Աղասին)…»

Վերք Հայաստանի, էջ 206

I

182<6> թվականին բացվեց Երևանի պատերազմը։ Ռուսաց զորքը դեռ չէր հասել պատերազմի բեմը, և սանձարձակ պարսիկներն ասպատակելով, կողոպտելով Շիրակը, Փամբակն ու Աբարանը, առաջ էին գալիս։

Հասան խանի խաժամուժ հրոսակներն արդեն Խըլղարաքիլիսեն քանդել, Ղշլաղը կրակել, Ղարաքիլիսեն ավերել, ռուսաց սակավաթիվ զորքը ջարդել, Լոռու ձորերի բերանն էին հասել։

Նրանց առաջից փախչում էր զարհուրած հայոց ժողովուրդը, փախչում էր ամեն բան թողած, յուր չոր գլուխն առած, որ ետևից եկող թշնամուց ու մահից պատսպարվելու մի տեղ գտնի։

Պարսիկների այս բարբարոսական շարժումը ոգևորեց, ոտի կանգնացրեց իրանց կրոնակից Ղազախ-Բորչալվի թուրք ցեղերին, ուր դեռ չէր հասել Հասան խանը։ Այս կողմերից էլ հալածվեցան, տեղից ու գեղից պոկ եկան, փախստական դարձան հայերը, և Փամբակ, Շորագյալ, Աբարան, Ղազախ, Բորչալու տակնուվրա եղան, դատարկվեցան մի քանի օրում։

Այս բոլոր հալածականներն ամեն կողմից փախչում-թափվում էին Լոռու ամուր ձորերը, մինչև կհասնեին Դսեղ։

16