Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 - Էդ ո՞ւր եկար։

- Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

- Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

- Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

- Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

- Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

- Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

- Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

- Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

- Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի