Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

- Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

- Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

- Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

- Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

- ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

- Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

- Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

- Հը՜, հո չե՞ս բարկանում։

- Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

- Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

- Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

- Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին,