Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ է արել։

Մարդը ասում է․

- Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ, մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։

Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անց կացավ, ավելի է կատաղում, իրեն ուտում։

Մի գիշեր էլ, քնած ժամանակը, իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն գնում քնած Լուսիկի գրպանը։

Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում․

- Վա՜յ, երեխես, երեխես․․․

Տանըցիք վեր են թռչում, տեսնում՝ երեխեն օրորոցումը մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ․․․

Հարսն ասում է․

- Էլ ո՞վ պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք, նա կլինի։

Համաձայնում են։ Ման են գալի, ու․․․ արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։

Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ․․․

- Է՛ս էլ քու սիրած քույրը,- ճչում է չար կինը ու երեսը պոկում. «Երեխե՜ս․․․ երեխե՜ս․․․»։

Առավոտը լուսի հետ՝ աշխարհքով մին լուրը տարածվում է։ Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը։ Դատում են, վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ, տանում, հեռացնում, կորցնում են հեռո՜ւ, հեռո՜ւ անտառներում։

Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։