Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Օրերից մի օրը թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։

Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել։

- Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,- ձեն է տալի աղջիկը ծառի փչակից,- ես մարդ եմ, գազան չեմ։

- Թե մարդ ես, դե դուրս արի։

- Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։

Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալի իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա․ դուրս է գալի մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։

- Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ի՞նչու ես մտել էս ծառի փչակը․․․

- Ես մի էսպես աղջիկ եմ․ աշխարհքումը մի ախպեր ունեմ, բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ․․․

- Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ,- ասում է արքայորդին ու առնում է Լուսիկին, տանում իրենց տունը։

Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։

- Թե սրա հետ կպսակվեմ՝ լավ, թե չէ հո՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերն ասում են․

- Ա՛յ որդի, աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն․ թագավորների աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ․․․ Էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես։

- Չէ՜, որ չէ․․․

Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։