Ծերունի Մեհրաբը՝ Օվագիմի հայրը, Լոռու ձորերի նահապետը, իսկի չէր էլ մտածում, թե հարյուր տարին անց է կացրել։ Նրա վիթխարի, բարձր հասակը կորացել էր, նորից ամրացել, ճերմակ մազ ու միրուքը բռնել կուրծք ու երես և աժդահայի ահավորության հետ խառնել, միացրել ծերության պատկառանքը։
Թշնամու անունը նոր ույժ ու եռանդ տվեց նրան, որդու և յուրայինների սխրագործությունները նոր սիրտ, նոր ուրախություն, և, մինչդեռ աշխարքը լողում էր արյան ծովում, այս ծեր արծիվը, յուր ժայռերի գլխին նստած, թշնամու վրա ծիծաղում ու իրանց պապերիցն էր պատմում։
- Մեր պապերն էս թավուր մարդիկ են էլել,- ասում էր նա,- մենք նրանց թոռներն ենք, նրանց սիրտն ու նրանց արինն ունենք… Ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը, թշնամի անունով չպետք է մեր ձորերովն անց կենա։ Մեր ճամփեքը թշնամու համար փակ ու կապ պետք է լինեն, մեր տան դուռն ու մեր սիրտը բարեկամի համար ա բաց… Նամարդի համար մենք թուր ու թվանք ունենք, տղամարդի համար՝ աղուհաց…
Այս ժամանակներում ամեն մի քաջ տղամարդի համբավ ու գործ կայծակի արագությամբ տարածվում էր երկրեերկիր, բերանեբերան։ Սաստիկ ճնշումն ու հալածանքը կատաղեցրեց, դուրս կանչեց ժողովրդի քաջերին, և ամեն տեղ հոգով արի տղամարդը մռնչաց, աղաղակեց, զենք առավ, սուր բարձրացրեց ղզլբաշի դեմ։ Տառապած, պաշտպանության կարոտ ժողովուրդը ոգևորությամբ նկատում ու հռչակում էր այս սակավաթիվ հերոսներին։
Փամբակա, Շորագյալի, Աբարանու փախածներից ով գալիս, Քանաքեռցի Աղասու գովասանքն էր բերում հետը։ «Աղասի՛ն, իգիթ Աղասին… ղզլբաշի հոգին հանեց… քրդի