արյունով քար ու հող լվաց Աղասին… Ալագյազու վրա պատահեց, հաղթեց… Անի քաղաքում կռվեց կոտորեց Աղասին… Մի տեղ առաջը կտրեցին, ջարդեց անցավ Աղասին… Մի տեղ ուզեցին բռնել, փշրեց, փախավ Աղասին…»։
Այս լուրը ոգևորեց Դսեղա իգիթներին և հայտնեցին Մեհրաբ յուզբաշուն։
- Աֆֆարի՛մ իգիթ,- բացականչեց հիացած ծերունին Աղասու պատմությունը լսելուց հետո,- որտեղ որ լինի, մի բերե՛ք տեսնեմ, ճակատիցը պաչեմ, քանի չեմ մեռել։
Եվ կատարվեցավ ծերունու իղձը։
Աղասին Ղարաքիլիսու սարերից հրավիրված էր Դսեղ։
Հին սովորությամբ անվանի հյուրի պատվին, ինչպես Աղասին էր, խաղեր, հանդեսներ էին սարքվում։ Ջիրիդ (ձիարշավ) էին խաղում «ղոնախի» հետ, թագավորաորս էին անում և ուրիշ դյուցազնական խաղեր էին հորինում։ Բացի պատիվը դրա մեջ կար և մի ուրիշ միտք. այդ հանդեսներում ճանաչում էին իրանց «ղոնախին», թե ինչ շնորհքի տեր մարդ է նա։
Մարդիկ էր ուղարկել ուրախացած Մեհրաբ յուզբաշին և շրջակա տեղերի հայտնի քաջերին հրավիրել, հավաքել Դսեղ։ Եկել էր ճոճկանեցի Խուդին, որ ասլանի սիրտ ուներ, գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, որ լեզգու արյուն էր խմում, արդվեցի լեզգի Պետոն, որ մազը մազից ջոկում էր գյուլլով, սանահնեցի Արութինը, որ ձին աստղերի հետ էր խաղացնում, շնողնեցի վիթխարի Վերանը, հաղպատեցի աժդահա Պրանը և ուրիշ անվանի քաջ մարդիկ։ Եկել էին և զանազան տեղերից փախած ժողովուրդների մեծերն ու տանուտերերը։
Այս բոլորին հավաքել էր Մեհրաբ յուզբաշին Աղասու պատվին լինելիք խնջույքն ու հանդեսը փառավոր անելու համար։
Սրա համար էր, որ առավոտը վաղ Մեհրաբ յուզբաշու ծաղրածու Ղազոն, որ միևնույն ժամանակ լավ քարագնաց էր, կատվի նման մագլցելով բարձրացավ յուզբաշու տան