Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 -Քո մահն է հիմի․․․-ձեն է գալի ամեն կողմից․․․

Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

-Ների՛ր,- ասում է,-ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․

-Կներեմ,-կանչում է հրեշը,-միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։

-Համաձայն եմ։

- Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։

Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։

-Բան չկա, հայրիկ- ասում է Ծաղիկը,- դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։

Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․

- Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․

Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի

222