մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։
Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։
Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․
- Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․
|