— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։ — Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։
— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։
— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։
— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։
Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ
230