Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

231