Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։


Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։

232