Եվ այսպես մեկը մյուսից գերազանց հանդիսացան։
Ժողովուրդը ցնծաց, գովեց յուզբաշիներին, գովեց Աղասուն ու յուր ընկերներին և հրավիրված բոլոր քաջերին։
Իսկ իրիկնադեմ ջիրիդ էր նշանակված։
Զուռնի զիլ ձայնն ու դհոլի դրմբոցը իմացրին, թե պատրաստ է ձիարշավի դաշտը, և ժողովուրդն անհամբեր սպասում էր գյուղից վերև։
— Եկա՜ն, եկա՜ն…- հանկարծ ժողովուրդն աղաղակեց, միաժամանակ շների հաչոցն ու ձիաների խրխինջը բարձրացավ, և ահա երևաց դյուցազնական ժամանակներին վայել մի հեծելախումբ։ Հսկա ծերունին՝ Մեհրաբ յուզբաշին, վառվում էր կատարյալ զինավառության մեջ։ Գդակը թեքած աջ ականջի վրա, նա տաքացնում էր յուր ամեհի ձին, և, սպիտակ միրուքը քամու հետ խաղալով, մերթ ուսովն էր անցնում, մերթ՝ կռան տակովը։ Նրան շրջապատած գալիս էին յուրայինները, Աղասին յուր ընկերներով և մյուս հրավիրվածները, բոլորն էլ հզոր, զենք ու զրահի մեջ կորած։
Այսպես երևացին նրանք ձիարշավի տեղը։ Զուռնեն սաստկացավ, ամբոխն անհանգիստ իրար խռնվեց, ամեն մեկն աշխատում էր, որ շատ հիանա այս ահավոր գեղեցկության վրա։
Հանկարծ փոշին բարձրացավ սև ամպի նման, բռնեց բոլորի աչքի առաջը, և ահագին տրոփյունը գետինը շարժեց։
Նրանք երբեմն-երբեմն ջոկվում էին, իրար հետ մրցում, ջիրիդ արձակում կամ խաբսն էին տալիս, փախչում իրար առաջից, խաղ անում ձիու մեջքին ու փորի տակին, ձին չափ գցած ժամանակ իրար գլխարկ էին փախցնում կամ գետնից բան էին վերցնում և, ընկերախաղի տալով, աշխատում էին իրանց շնորհքը ցույց տալ, առանց իրար ջիրիդով վնասելու կամ հաղթելու։
Մի ժամից հետո ամբողջ դաշտը կարծես վարած էր գութանով, կամ հազարավոր խոզեր քանդ էին արել։
Ուրախության աղմուկներով հիացած ժողովուրդը փոշեղեն ամպերում նկատում էր յուր ծերունի նահապետի ճերմակ