Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միրուքն ու ճերմակ ձին, նրա կողքին փայլականման Աղասուն, առյուծանման Օվագիմին և բոլորին միասին, որպես մի բազմագլխանի մարմին, մի փախած վիշապ։ Ժողովուրդը չէր իմանում, թե որն է որին խնայում…

Այդ չէր իմանում և ցնծության աղաղակներով գովում էր մեկին ու մյուսին, գովում էր ալևոր Մեհրաբին, նրա կորյուններին, քաջ Աղասուն և նրա ռաշիդ ընկերներին և մյուսներին։ Այսպիսի հանդիսից հետո տուն վերադարձան։

Մեհրաբ յուզբաշին պատվիրեց, որ առավոտը գիշերով թոռչիներ (ձկնորսներ) գնան ձորը, ձուկը բռնելու, որսորդներ գնան, որս անելու, և ամեն տեսակ պատրաստություն տեսնեն, որ յուր «ղոնախների» հետ քեֆ է անելու Ձորագետի ափերին։


VII

Ահա սրընթաց Ձորագետը արյուն է տանում[1]։ Մութը ճալիցն, երկու ժայռերի արանքից դուրս պրծած, սելավաջրի նման պղտոր, պրպրած ու փրփրած, տակռապոկ արած ծառ ու մացառ, քար ու քոթուկ իրար խառնած, առաջն արած, գոռալով, թշշալով, վշվշալով, տեղ-տեղ, ուզած տեղը թևերը փռելով, արջախնդռուկի անելով[2], կրկին իրան հավաքելով, ուռչելով ու քարերի գլխովը թռչելով, արթուրմա խաղալով, ցալքուն տալով գալիս է Մազմանա գյոլումը կանգնում, պտիտ գալիս, շունչ առնում, դարան մտնում և հանկարծ վերկենում, իրան թոփ արած, թափ առած, ղրղու նման հասնում, զարկում չոքած Ավանաքարի ապառաժ ծնկներին ու, քինթը ջարդած, լացակնքած, գլուխը քորելով, թոնթորելով գալիս է Սուրբ Նշանի դիմացն երեսին խաչակնքում, սիրտը վեր նստացնում ու, շարական ասելով, աջ կողմի վրա պտտվում, մտնում Հաղպատ–Սանահնա ձորերը։

  1. Արյուն է տանում— սաստիկ վարարած է։
  2. Արջախնդռուկի անել — արջի նման խնդալ, խաղալ։
23