Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,

Ո՜վ Քաջ Նազար։


Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,

Ո՜վ Քաջ Նազար։


Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,

Ո՜վ Քաջ Նազար։