Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1914
ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած—չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում—թրըխկ հա թրըխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է՝ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ, չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի․ բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը