Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է՝ կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է՝ էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում, գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում․ «Ի՞նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի՝ ով կա, ով չկա․ հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ—վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է՝ շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա՝ սա սատանա է։

Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարա—հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։