Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։