Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։