Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։