Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։