Վաղուց պատահած բան է․․․ Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։
Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է, օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։
— Ա՛յ դու անպիտան արարած․․․— բարկանում է վրեն ու բռնում է, լեզուն կտրում։
Ծիտիկը թռչում է, գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է․ վեր է կենում, իր մարդու հետ ճամփա է բռնում, սարուձոր ընկնում, որ իմանա, թե որ կողմը թռավ իր ծիտիկը։
Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի․
— Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։
Վերջապես գտնում են ծիտիկի տունը։
Ծիտիկը որ տեսնում է՝ իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել ուրախանում, աշխարհքով մին է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվան տեսած լավությունների համար ու պատիվ է տալի։ Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա՝ ծառայում են։
Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում, ծտապարի պար գալի։ Ու էսպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը որ ընկնում է, պառավները խոսք են բացանում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է, երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է․