Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թանկագին քարերով ու մարմարով, բայց հատակին էստեղ—էնտեղ թափված են կրծոտած ոսկորներ։

— Էս ի՞նչ ոսկորներ են,— հարցնում է թագավորի տղեն։

― Ոսկորներ են, էլի,— պատասխանում է մարդակերի աղջիկն ու մյուս դուռն է բաց անում։ Մտնում են հետևյալ սենյակը։ Առաջինից ավելի փարթամ ու շքեղ։ Պատերը՝ մաքուր արծաթից, ոսկուց ու մարգարիտից, հրաշալի կահ—կարասիքով, ոսկենկար—ոսկեփունջ մետաքսի վարագույրներով զարդարած։ Բայց էստեղ էլ թափված են նույն կրծած ոսկորները․․․

— Էս ի՞նչ ոսկորներ են,— դարձյալ հարցնում է թագավորի տղեն։

— Դրանց ի՞նչ ես նայում,— կրկին խոսքը կտուրն է գցում մարդակերի աղջիկը,— դու ոսկե պատերին մտիկ տուր, արծաթե ու մարգարտե ձեղուններին նայիր․․․

Ու առաջ է գնում։

Թագավորի տղեն գլխի է ընկնում, որ էդ ոսկորները էն խեղճ մարդկանց ոսկորներն են, որոնց լափել էր մարդակերը։

— Իսկ էս ի՞նչ սենյակ է,— ցույց է տալիս թագավորի տղեն մի դռան վրա, որի երկու կողմը հսկում էին երկու վիշապներ։

— Էս իմ հոր գանձարանն է։ Էս սենյակը չի կարելի մտնել առանց իմ հոր մատի կախարդական մատանիքի, թե չէ՝ իսկույն կպատառոտեն էս պահապան վիշապները։

— Ո՜ւ․․․ ո՜ւ․․․

Լսվում է մարդակերի ահռելի ոռնոցը։

— Շո՛ւտ արա, շո՛ւտ, թաքնվի՛ր ու շունչդ չհանես մին էլ մինչև իրիկուն, հերս գալիս է,— ասում է աղջիկն ու կրկին թաքցնում թագավորի տղին։ Իսկ մարդակերն արդեն դուռը ծեծում է․

— Բաց արա դուռը, աղջիկս, բաց արա, քեզ համար տես՝ ի՜նչ եմ բերել։

Ապա թե թագավորի տղեն իր թաքնված տեղից լսում է գոռոցի ու լացի ձեն, հետն էլ բերանի ծլփոց։

272