Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդակերն իր ընթրիքն անում է ու պառկում է քնի, աղջկան պատվիրում է՝ գլուխը քորի։

Աղջիկն էս անգամ կարողանում է հոր մատից հանել կախարդական մատանին, ապա տղի հետ միասին առնում են մարդակերի գանձերն ու փախչում։ Շատ են գնում, թե քիչ, շատն ու քիչը, աստված գիտի, հասնում են մի աշխարհք։ Էս աշխարհքում թագավորի տղեն իմանում է, որ իր հերը մեռել է, ու նրա տեղը իր ախպերն է նստել թագավոր։ Ինչպես խոսք էր տվել, էնպես էլ ամուսնանում է մարդակերի աղջկա հետ ու մնում է էս աշխարհքում։

Շատ են կենում, թե քիչ, մի քանի երեխա են ունենում, շատ սիրով էլ ապրում են իրար հետ, միայն կինը երբեմն գիշերները անհետանում է ու ծեգին է վերադառնում, շրթունքները՝ արյունոտ։ Հարցնում է, թե՝

— Էդ ի՞նչ ես կերել։

Թե՝

— Ոչինչ, հավ ու գառն եմ կերել, բերանս էլ դեռ հալա չեմ սրբել․․․

Մի անգամ էլ էնպես է պատահում, որ էս թագավորի տղեն երեխաների հետ գնում է ուրիշ տեղ, մութն ընկնում է, ու մնում են ճանապարհին։ Գիշերվա մի ժամանակը մի գազան գողունի մոտենում է ու հարձակվում է քնած երեխաների վրա։ Թագավորի տղեն սուրը հանում է, զարկում, գազանը մարդու ձենով ճչում է․

— Վա՜յ, մեռա՜․․․

Ձենն էլ ծանոթ ձեն։ Մտիկ տա, ինչ տեսնի՝ սրով զարկած, առաջն ընկած իր կինը։ Գիշերով դուրս է եկել որս որոնելու, մթնումը չի նկատել, քիչ է մնացել՝ իր երեխաներին ուտի։

— Ահա թե ինչ կնշանակի լինել մարդակերի աղջիկ․․․

Ու մնում է խեղճ մարդը շվարած, հուսահատված կանգնած մեջտեղը։ Մի կողմը ընկած արնաշաղախ կինը, մյուս կողմը՝ ծվատած երեխաները։

Չգիտի՝ ինչ անի, ինչ չանի։

Էս դրության մեջ հանկարծ լսում է մի քնքուշ ձեն․

273