Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում, ուսերը վեր քաշում ու քթի տակին ծիծաղում։
Էստեղից խորհրդականը վազում է թագավորի մոտ։ Թագավորի մոտ մեծամեծները խորհրդի են հավաքվում, խորհուրդ են անում ու վճռում են, որ Խորհրդավոր վարպետը անպատճառ մի կախարդ է որ կա, ու նրանից պետք է խլել իր գործիքները՝ թակը, սղոցը, ունելիքը, դուրն ու շաղափը, մի խոսքով՝ ամենը, ինչ որ ունի։
Ինչպես որ վճռում են, էնպես էլ անում են։
Խորհրդավոր վարպետի գործիքները բերում են թագավորի ննջարանին կից սենյակում փակում։ Փակում են, բանալին տալիս թագավորին։ Թագավորն էլ, ապահովության համար, բանալին կախում է իր գոտուց։
Մին էլ կեսգիշերին էս փակած սենյակում մի աղմուկ․ թակը թակում է՝ թըխկ հա թըխկ, ունելիքը քաշում է՝ չըխկ հա չըխկ, սղոցը սղոցում է՝ խըռ հա խըռ, շաղափը ծակում է՝ վըռ հա վըռ, ապա թե միասին ճչում են․— Հաց ենք ուզում, հաց ենք ուզում․․․
Թագավորը վազում է, դուռը բաց է անում, տեսնում է՝ բոլոր գործիքները հանգիստ իրենց տեղերն ընկած են։ Բայց դուռը փակում է թե չէ՝ նորից սկսվում է լացն ու ճիչը․
— Հաց ենք ուզում, հաց ենք ուզում․․․
Էս թագավորն ամբողջ գիշերը չի կարում աչքը կպցնի։ Երկրորդ գիշերը՝ ավելի թունդ։
Խորհրդականներն ասում են.— Թագավորն ապրած կենա, բեր ուտելիքներ դնենք էդ սենյակում, տեսնենք՝ ինչ դուրս կգա։
Բերում են, ուտելիքներ են դնում էդ սենյակում ու էլ եդ փակում։
Ականջ են դնում։
Ափսեները չրխկչրխկում են, դանակներն ու պատառաքաղները՝ չրխկչրխկում, բաժակները՝ զրնգում։ Ծափ, ծիծաղ, ճիչ, աղմուկ։ Հետն էլ մինը, թե՝ Սղո՛ց, դու ինձ բոթում ես։
Մյուսը, թե՝
— Շաղա՛փ, մազերս մի՛ քաշի։
Երրորդը, թե՝