Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՈՐՈՏ ԹԱԳԱՎՈՐԸ

Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ հենց էնպես, զրուց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։

Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում, մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի․

— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։

Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։

Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։

— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած․— ես գզրի պես հո չե՞մ գոռում։