Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ։

Ժողովուրդն սկսում Է հետաքրքրվել, թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ։ Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը կատակով անծանոթին խնդրում է, թե՝

— Հապա մի քու լեզուն ցո՛ւյց տուր, տեսնենք ընչից է շինած։

Էս ասելն է լինում։ Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե՝ լեզուդ ցո՛ւյց տուր։

Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին։ Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է․

— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում։ Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանիր ցո՛ւյց տուր, ահա էսպես։

Ու լեզուն հանում է։

Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը․ հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ կավից լիներ շինած։

նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած։ Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է։ Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակեց կախարդ հեքիմը, նա հայտնվել է։

Պալատը տակնուվրա է լինում։ Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի dռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով։ Զուր է թագավորը կանչում․

— Չի կարելի մտնել նրա մոտ։ Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել․․․

Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը։