Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տեսնում են՝ ոնց է շրթունքները շարժվում, ձեռին—ոտին անում, իսկ թե ինչ է ասում, չեն իմանում։

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում են հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի հովհարը ձեռին իրեն հով է անում։

Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին։

Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին։ Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելու պես էրվում է մատների մեջ։

— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ։ Շնորհակալ եմ, իմ թագուհի,— կանչում է թագավորը մի էն տեսակ դյուրեկան ձենով, որ մինչև էն օր ոչով չէր լսած կյանքում։

— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ անգի՛ն ամուսին,— պատասխանում է աղջիկը։

Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից։ Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը։

Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական երբեմնի գյուղացին։ Ասում է․

— Ահա է՛ս էր ձեր ճակատագիրը։ Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք։

Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ․․․

— Չէ՛․․․ ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․— կանչում է թագավորը։

Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։

Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։