Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ։ Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս։ Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին։

Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից․ բայց մարդիկ սրան էլ էին նախանձում։

— Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք… է՜լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում, ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը՝ խելք…

Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ «շաշ» էին անվանում։

— Շաշ Սիմոնի թայն էլ չկաս,— նախատում էին կանայք իրանց ամուսիններին,— տարենը երկու–երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը… թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի…

— Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի,— կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում։

Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին։ Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ և զվարթ ծաղկում է, ժպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը[1] բուսել է վճիտ ջրերի ափին կամ զանգակծաղիկը փայփայված է բուրաստանում, նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր…

Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավել անունն էլ դրել էին «Եղապատառ»։

  1. Մի հասարակ, անհոտ ծաղիկ է

28