Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վրա։ Քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե՝ աղբրումը ջուր լցնելիս Ղազանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց «ուխա՜յ»… Վարթումանց Փիլոսը իրանց դռնովն անց կենալիս աչքով արավ… Միրզանց Առաքելը ճանապարհին «ղաստի» դիպավ իրան…
- Պտղատու ծառին շատ քար կգցեն… էդ ամեն կնգա էլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել,-Հանաք անելով կնոջը պատասխանում էր ուստեն։
Բայց, այսուամենայնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև պատդիր, խզարչի, ձկնորս և այլն Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում, իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնգա մոտ էր քնում։
Գիշերները երկա՜ր հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու, ութ-տասը տարեկան Մարուշի համար (այսպես էր հարևանի աղջկա անունը)։ «Զմռուխտ ղուշի» հեքիաթն էր ասում կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր յոթը խորթ աղջիկներին ձգեց հորը ու ջաղացաքարը դրեց բերանին, իսկ նրանք օրը մի չամիչ գտան, ապրեցին ու փորելով, փորելով հասան մի ստորերկրյա զարմանալի աշխարհ… և կամ թե «Լիս ու մութ աշխարքների» մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին։
Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը՝ մենակ, առանձնացած, երկու լուսամուտի փեղկերն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից։ Գիշերը խաղաղ է, ինչպես քունը, և կախարդիչ, քան երազ։ Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հի՜ն–հի՜ն հեքիաթ լինի…
Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան… մոտեցան Սիմոնի դռանը։
Թե ինչ էին անում նրանք, դժվար է ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրըխկալով և երբ բացվեց, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի