Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ կին առնեմ,— պատասխանեց որդին։— Ես պետք է հասնեմ նրան, թեկուզ էդ քաշի մինչև աշխարհքի վերջը։

— Եթե հաստատ էդպես ես վճռել, թո′ղ քու ասածը լինի,— ասավ մերը ու մյուս առավոտը մի կտոր արջամկան մորթի կարեց տղի գլխի փետուրին, խրատ տվեց ու էնպես ճանապարհ դրեց դեպի կախարդական շրջանը։

Շրջանը մտնելուն պես երիտասարդը դարձավ արջամուկն ու խոտերի մեջ տապ արավ, սպասեց։

Մի ժամանակ դարձյալ նկատեց նույն կետը երկնքի խորքում։ Հետզհետե մեծացավ կետը, իջավ, իջավ ու վերջապես իջավ գետնին, էլի նույն տեղը։

Աղջիկներից մեծը ուշադրությամբ դիտեց չորս կողմը— արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ։

— Կարծես էսօր էստեղ մարդ չկա,— ասավ նա, ու բոլորը զամբյուղից դուրս թռան։ Հենց ուզում էին սկսեն իրենց պարը, որ փոքր աղջիկը արջամկանը նկատեց ու ցույց տվեց մեծին։

— Շո՛ւտ, շո՛ւտ, փախե՛ք էստեղից,— ճչաց մեծը,— հասարակ արջամուկը երբեք չէր համարձակվի մտնել մեր նվիրական շրջանը։ Արջամկան կերպարանքի տակ անշուշտ մի կախարդ է թաքնված։

Բարձր փետրավորը վրա չհասցրեց գոնե մի խոսք ասի կամ իրենից ձգի արջամկան մորթին, որ զամբյուղն արդեն թռչում էր երկնքում։

Երիտասարդը տուն վերադարձավ սաստիկ տխուր ու կոտրված։

— Մի՛ հուսահատվիր, որդի՛ս,— ասավ մերը։— Մսեղեն մի՛ ուտիլ, էդ շատ է վնասում մեզ ու փչացնում է մեր հմայքները։ Գնա՛, եթե սով զգաս՝ մորի կեր միայն։

Ապա թե մի մկան բեղի ծեր կարեց որդու գլխի կարմիր փետուրին ու ճանապարհ դրեց։

Սոված, ճանապարհին մորի ուտելով հասավ ու կախարդական շրջանը մտավ երիտասարդը։ Մտավ թե չէ— մուկ դարձավ, բարեկամացավ մի մկան ընտանիքի հետ ու իջավ նրանց բունը։ Մկների մերը խոստացավ ամեն բանում օգնել նրան։

296